Ալիևը սկսել է գիտակցել, որ չի հասնում իր գլխավոր նպատակին՝ «Զանգեզուրի միջանցքին», և սկսել է նենգորեն վրեժխնդիր լինել

infoteka24.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ այսպես կոչված «միջանցք» չի լինելու։ Իսկ տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ տապալվել է Ալիևի երազանքի իրականացումը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրան հաջորդած 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը հստակ շարադրում են բոլոր գործողությունները, որոնք կողմերը պարտավորվում են կատարել։ Բայց Ալիևը որոշել էր, որ պատերազմից հետո կարող է ավելի հեռուն գնալ, և անպատժելիության կեղծ զգացումը միայն մեծացրել է նրա ախորժակը: Փուչիկի պես փքված «միջանցքների» մասին անհամապատասխան պահանջները և այն համոզմունքը, որ ինքը իրավունք ունի որոշելու, թե երբ և ով իրավունք ունի այցելել Արցախ, փուչիկի պես պայթել են, քանի որ հետևել են և՛ Հայաստանի ԱԳՆ-ի, և՛ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները, որոնցում հստակ մատնանշվել է, որ միջանցքների մասին խոսակցություն չկա, կան Եռակողմ հռչակագրեր և Եռակողմ աշխատանքային խումբ, որն աշխատում է Եռակողմ հռչակագրերի կետերի կատարման վրա և ուրիշ ոչինչ։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախ այցելելու Ալիևվի «արգելքերը» նույնպես արդյունք չեն տվել։ Դա աբսուրդ է, որը հնարավոր չէ իրականացնել, քանի որ ոչ ոք երբեք չի կարող արգելել մարդուն այցելել իր հայրենիքը։ Բայց Ալիևն այնքան է կրկնել իր անհեթեթ պահանջներն ու դրանք կատարելու խոստումներ տվել, որ հիմա, հասկանալով, որ չի ստացվում, սկսել է անօգնականությունից ու ջղայնությունից ստոր կերպով վրեժ լուծել. սահմանային միջադեպեր, կրակոցներ խաղաղ բնակչության վրա, սպանություններ։ Նրա մանրության ու ստորության մեկ այլ դրսևորում է Գորիս-Կապան ճանապարհի իրենց վերահսկողության տակ անցած հատվածում մաքսակետեր տեղադրելը։ Պայմանավորվածություն է եղել, որ հայկական մեքենաներն անարգել պետք է երթևեկեն այդ ճանապարհով, մինչև շրջանցիկ ճանապարհները պատրաստ լինեն շահագործման։ Բայց ո՞ւր Ալիևը և ո՞ւր պայմանավորվածությունների իրականացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am