«Հայոց արծիվները» պահանջում են անցկացնել հանրաքվե և խորհրդարականից անցնել երկրի նախագահական կառավարման

tsargrad.tv-ն գրում է, որ Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվներ» ազգային-քրիստոնեական կուսակցությունը հայտարարել է, որ Հայաստանի փրկությունը նախագահական կառավարման համակարգում է։ Կուսակցությունը, դիմելով երկրի իշխանություններին, հայտարարել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու և խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականին անցնելու անհրաժեշտության մասին։

«Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անարդյունավետությունը դրսևորվել է մեր իրականության մեջ, հատկապես 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ մայիսի 12-ից Հայաստանի տարածքները ենթարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և օկուպացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «Հայոց արծիվների», ժամանակակից հայ իրականության մեջ ոչ ոք լիարժեք պատասխան չի տալիս այն հարցին, թե ո՞վ է երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Անհասկանալի է նաև, թե ո՞վ է գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետը, նախագահը, թե՞ պաշտպանության նախարարը։ Կուսակցությունը հարց է տալիս. ո՞վ է պատասխանատու Հայրենիքի պաշտպանության և օկուպացված տարածքների ազատագրման կազմակերպման համար։ Կուսակցությունը պետության համար մեծ վտանգ է տեսնում հավաքական անպատասխանատվության մեջ, որն իր հերթին զրկում է դիմադրությունից և արդյունավետ գործելու կարողությունից։

Այս իրավիճակից միակ ելքը Արծիվները տեսնում են նոր ռազմական ու սոցիալական Հայաստանում։ Դրա համար, ինչպես արդեն նշվել է, կպահանջվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, այսինքն անհրաժեշտ է անցում կատարել նախագահական կառավարման համակարգին։ Այդ ժամանակ ժողովրդի ընտրյալը կկարողանա ստանձնել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման պատասխանատվությունը ունենալով Հայաստանի ու Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելու մանդատ։

Ազգային քրիստոնեական «Հայոց Արծիվներ. Միացյալ Հայաստան» կուսակցությանը երկրի գործող իշխանություններից պահանջում է 6 ամսվա ընթացքում կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, այնուհետև անցկացնել նախագահական ընտրություններ։ Կուսակցությունն իր կոչն ավարտել է հետևյալ խոսքերով. «Աստված օրհնի Հայաստանը, Արցախը, հայ ազգը և Սուրբ հայոց հողը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am