Մենք իրավունք չունենք մեզ շռայլություն թույլ տալ և Ամանորին այդքան երկար տանը մնալ

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները:

Այս թեմայով զրուցել ենք ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։

Հարցին, թե հողային բարեփոխումների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի` պատգամավորը ասաց․ «Չգիտեմ՝ հողային որ բարեփոխումները նկատի ունեք, բայց ընդհանրապես հողերին վերաբերող երկու մոտեցում կա, առաջին՝ հողերի խոշորացումն է, որ մեզ մոտ կան մասնատված հողեր և ներդրողների համար երբեմն բավականին դժվար է լինում, երբ խոսքը վերաբերում է խոշոր հողատարածքների վրա բիզնես նախագծեր իրականացնելուն։ Նպատակ կա, որպեսզի մենք կարողանանք ձևավորել ամբողջական մեծ հողակտորներ և ներդրողների համար ավելի հեշտ և նպաստավոր պայմաններ ստեղծենք՝ ցանկության դեպքում խոշոր հողակտորներ ձեռք բերելու, բայց թե դա ինչ տարբերակով պետք է արվի, քննարկելու հարց է, որովհետև կա երկու տարբերակ՝ ստիպողաբար, ոչ ստիպողաբար: Տարբեր երկրներում կան տարբեր մոտեցումներ: Հայաստանում հիմա քննարկում ենք որ տարբերակով առաջ գնանք։

Երկրորդ խնդիրը չօգտագործված կամ չմշակվող հողերի հետ կապված խնդիրն է, և կարելի է ասել, որ հողերի խոշորացման հետ որոշակի կապ ունի։ Եվ այս առումով մեխանիզմներ պետք է մտածել, որ մարդիկ մոտիվացիա ունենան չմշակվող հողերը մշակելու, որովհետև այսօր կան հողատարածքներ, որոնց տերերը տարիներ շարունակ այդ հողը պարապուրդի են մատնել, և եթե մեկը հայտնվում է, որ ցանկություն է հայտնում այն մշակելու կամ դրա վրա բիզնես ծավալելու, բավականին չհիմնավորված վարձավճարներ կամ վաճառքի դեպքում վաճառքի գներ են ասում, և այդ բիզնես ծրագրերը վիժեցնում են։

Տարբերակներից մեկը, որ միշտ քննարկվել է, գույքահարկի տարբերակված մոտեցում կիրառելն է, այսինքն, եթե հողատարածքն օգտագործվում է, այդ դեպքում գույքահարկը էական չափով ավելի ցածր է, քան չօգտագործվող հողերի դեպքում, բայց մինչև այսպիսի քայլերի գնալը պետք է հստակ չափորոշիչներ ունենալ, թե որ դեպքում հողատարածքը կամ անշարժ գույքը կարելի է ասել, որ օգտագործվում է կամ չի օգտագործվում կամ մասամբ է օգտագործվում, որպեսզի դա մեքենայությունների և տարընթերցումների տեղ չթողնի, բայց միանշանակ որոշակի տարբերակված մոտեցում պետության կողմից այս հարցում պետք է լինի»։

Անդրադառնալով այն հարցին, թե Ամանորին ոչ աշխատանքային օրերի կրճատման հետ կապած պատգամավորն ինչ մոտեցում ունի և այն տնտեսության վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա` Բաբկեն Թունյանն ասաց․ «Այդ գաղափարը նոր չէ, վաղուց կա։ Եվ ես հիշում եմ, որ երբ տնտեսական լրագրող էի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց էի անում, հարցազրույցի մեխը հենց ամանորյա տոնական օրերի կրճատումն էր, որովհետև այսպիսի միտք էր հնչում, որ մենք իրավունք չունենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տանք և այդքան երկար տանը մնանք, հարկավոր է աշխատել, արդյունք ստեղծել։ Այսինքն, ընդհանուր մոտեցումս նորմալ է, բայց քանի օր պետք է կրճատել, թե իրականում տնտեսական ինչ արդյունք է տալիս, այս հարցում ես տեղեկություն այդքան չունեմ, դրա համար վերլուծություն է պետք, իսկ էկոնոմիկայի նախարարության թվերը լսել եմ, բայց դրա խորքային վերլուծությունները չեմ տեսել»։

Սոնա Գիշյան

www.1or.am