Ո՞վ է պատասխան տալու կորոնավիրուսի խայտառակ ցուցանիշների համար

Հայաստանը շարունակում է չորրորդ հորիզոնականում մնալ 1 միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսից գրանցված մահերի թվով։ Մեր երկիրը զիջում է միայն Ռումինիային, Բուլղարիային և Լատվիային։ Այսօրվա դրությամբ, Հայաստանում լիարժեք պատվաստված է բնակչության միայն 10 տոկոսը։ Պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։

Պատվաստման խայտառակ ցածր ցուցանիշների պայմաններում երեկ բողոքի ակցիա էին անում շտապօգնության մեքենաների վարորդները։ Նրանք, հրաժարվելով վարել մեքենաներ, նշում էին, թե ամսվա մեջ աշխատում են 10 օր/24 ժամյա գրաֆիկով, փոխարենը ստանում են 110-120 հազար դրամ աշխատավարձ։ Վարորդները աշխատավարձերի բարձրացում և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև կորոնավիրուսից պաշտպանվելու համապատասխան պայմաններ էին պահանջում։ Մինչ առողջապահության նախարարությունը փրփրակալած մեղադրանքներ էր հղում վարորդներին, նրանց բողոքի ակցիան անընդունելի համարելով, պարզվեց՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին:

Երկու մարզ՝ Սյունիք և Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, և այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած, հազարավոր մահերի պատասխանատու իշխանավորներն իրենց կոմֆորտի համար փող չեն խնայում, պարգևավճարները լափում են անթաքույց հուզմունքով և հաճույքով, իսկ շարքային վարորդները, բժիշկներն ու բուժքույրերը տարրական հնարավորություն չունեն գոնե փոքր-ինչ պաշտպանված լինելու՝ ֆիզիկապես և սոցիալապես։ Գործող իշխանություններն իրենք իրենց, բնականաբար չեն պատժելու հանցավոր այս վարքի համար։ Հաջորդ իշխանությունները, սակայն, մի քանի կարևոր պարտականություններ կունենան, այդ թվում՝ համապատասխան քննություն իրականացնելն ու կորոնավիրուսի դեմ պայքարի մեղավորներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներ ուղարկելը։

Նարեկ Նիկողոսյան